Փետրվարի 17-ին Ազգային ժողովի աշխատակազմին ներկայացվեց այս տարվա բյուջեով նախատեսված` սոցիալական փաթեթի առողջապահական ապահովագրության բաղադրիչը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանն աշխատակիցներին նախ ներկայացրեց սոցփաթեթի բովանդակությունն ու ընձեռած հնավորությունները` նշելով, որ այն բխում է սոցիալական արդարության սկզբունքից եւ հավասարապես բոլորին ընձեռում է այդ շրջանակներում չորս ծառայություններից օգտվելու հնարավորություն` առողջապահական ապահովագրություն, հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վարկավորում, կրթություն եւ հանգիստ: Այս նպատակով պետական բյուջեով նախատեսվել է 18 մլրդ դրամ, յուրաքանչյուր աշխատակցի համար սահմանվել է 132 հազարական դրամ: Կառավարության որոշմամբ` սոցալական զամբյուղն ունի պարտադիր մաս` առողջապահական ապահովագրությունը, որի բազային չափը 52 հազար դրամ է: Բազային ապահովագրության, նաեւ` հավելյալ ծառայությունների ու առողջապահական փաթեթների վերաբերյալ ԱԺ աշխատակազմին մանրամասներ հաղորդեցին հանրապետության յոթ առաջատար ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները` ապահովելով ընտրության հնարավորություն: